четверг, 10 марта 2016 г.

Լեոնիդ Ենգիբարյան

Լեոնիդ Ենգիբարյան

thՄի՜ նեղացրեք մարդուն
Մարդուն իզուր տեղը, հենց այնպես պետք չէ նեղացնել, որովհետև դա շատ վտանգավոր է: Իսկ եթե հանկարծ նա Մոցա՞րտ է: Բացի այդ, նա դեռ չի հասցրել ոչինչ գրել: Դուք նրան կնեղացնեք, և նա, ընդհանրապես, ոչինչ չի գրի: Չի գրի մեկը, հետո՝ մյուսը, և աշխարհում կպակասի գեղեցիկ երաժշտությունը, կպակասեն լուսավոր զգացմունքներն ու մտքերը, իսկ դա նշանակում է՝ կպակասեն և լավ մարդիկ:
Իհարկե, ոմն մեկին կարելի է նեղացնել, չէ՞ որ բոլորը Մոցարտ չեն, բայց, այնուամնեայնիվ, իսկ եթե հանկարծ…
Մի՜ նեղացրեք մարդուն, պետք չէ:
Դուք այնպիսին եք, ինչպիսին՝ նա:
Պահպանե՜ք միմյանց, մարդի՜կ:
Գրպանահատը
Ես գրպանահատ եմ:
Ես գրպանահատների արքան եմ:
Ես հարուստ եմ ու երջանիկ:
Ես գրեթե երջանիկ եմ:
Միայն, ափսո՜ս, ոչ ոք գրպանում սիրտ չի պահում:

Աղջկան, որ թռչել գիտե
Դու մի վախենա: Ոչինչ չի պատահի, որովհետև դու երկու սիրտ ունես: Եթե հանկարծ մեկը դադարի, կբաբախի երկրորդը: Դրանցից մեկը քեզ մայրդ է տվել: Գիտե՞ս ինչպես: Տասնինը տարի առաջ կարողացել է սիրել: Մի՜ ծիծաղիր. անչափ դժվար է սիրելը: Երկրորդ սիրտը նվիրել եմ ես: Քեզ մոտ պահիր իմ խենթ սիրտը ու ոչ մի բանից մի վախենա: Եթե հանկարծ մեկը դադարի, կապրի երկրորդը: Ինձ համար մի՜ անհանգստացիր: Հեշտ ու հրաշալի է ապրել աշխարհում, երբ իմ սիրտը քեզ մոտ է:
Պարզ ճշմարտություն:
Ստվերը
Խնդրու՛մ եմ քեզ, տու՛ր ինձ քո ստվերը՝ այն զգեստով, որ զարդարված է թխկու տերևների միջով ճանապարհ հարթած արևի ցոլքերով։
Տու՛ր ինձ քո ստվերը, չէ՞ որ վաղը կծագի արևը, և դու ճիշտ այդպիսի գեղեցիկ ստվեր կունենաս։
Մի՛ վախեցիր, գետնին չեմ նայի, որ պատահմամբ չտեսնեմ, թե ինչպես է քո ստվերն իր ձեռքերը դնում ինչ-որ մեկի ուսերին։
Ես խնամքով կպահեմ քո նուրբ սլացիկ ստվերը, իսկ երբ անձրև գա, ես այն քեզ կվերադարձնեմ, և դու հպարտ, կքայլես մեր քաղաքում։ Անցորդները զարմացած կնկատեն. «Տեսե՛ք, անձրև է գալիս, իսկ այս աղջնակը երկար ոտքերով ստվեր ունի։ Այդպիսի բան հնարավոր չէ»:
Պարզապես նրանք չգիտեն, որ մարդիկ, որոնց սիրում են, միշտ էլ արտասովոր են լինում:
Ես կրկին միայնակ եմ
Տանջալի է: Սարսափելի է, գալիքը թվում է լիովին մռայլ: Զարմանալիորեն դժվար է, բայց այնքան էլ նոր բան չէ միայնակ մնալը: Մտերիմ մարդ չկա, կին, ով կհավատա, կջերմացնի քեզ, և արդեն, երևի թե, այլևս չի լինի: Սա է դառը ճշմարտությունը…
Իսկ վաղը տանջալիորեն դժվար, տաժանակիր աշխատանք է, որի իսկական գինը միայն դու գիտես: Եվ հաջողությունն այնքան աննշան կլինի, եթե իհարկե լինի, փոխարենը ինչ սարսափելի է պարտությունը: Իմ հանդիսատես, ես հավատում եմ այն բանին, որ դու պիտի բարի լինես: Ինչի՞ մասին ես դու այսօր, այժմ, այս երեկո, մտածում, դու, որ վաղը գալու ես ինձ նայելու: Երևի, ոչ իմ մասին: Իսկ եթե նույնիսկ իմ մասին, քո մտքով էլ չի անցնի, թե ինչ տխուր է, և ինչքան չի ուզում ապրել այս ծաղրածուն, թե ինչ միայնակ է նա: Համ էլ  քաղց է զգում: Այդ ինչպե՞ս է պատահում, որ սերը և սիրո մեջ վիթխարի պահանջկոտությունը բաժանման է բերում:
Մի՞թե քո մտքով կանցնի, որ ես լիովին, հասկանու՞մ ես, բացարձակապես մենակ եմ: Ինչպես բացատրեմ, որ ես չեմ կարող ներել սիրելի կնոջը, նրա սովորական մարդկային կանացի անցյալը, որովհետև ինձ համար իմ սիրելիի անցյալը, ներկան և ապագան`  միևնույն բանն է, որովհետև ես սիրել եմ նրան այն օրը, երբ նա ծնվել է, և կսիրեմ մինչ ի մահ, և այն ամենը, ինչ կկատարվի նրա հետ այդ ընթացքում, ինձ է վերաբերում, այդ ամենը ես ընկալում եմ այնպես, ասես դա կատարվել է այսօր առավոտյան:
Չեմ հասկանում, ոչինչ չեմ հասկանում, չեմ հասկանում ձեր օրենքները, ձեր բարոյականությունը, ձեր սերը, մեծահասակներ:
Չգիտեմ, թե ես ինչպես եմ ապրելու: Ձեր աշխարհում ես չկարողացա ապրել, իսկ իմում` ես լրիվ միայնակ եմ:
Անկում
Երբ ջարդուփշուր եղա, ինձ տարան ցուրտ հիվանդասենյակ: Այնտեղից դուրս չեն գալիս, այնտեղից տանում են: Իսկ ես շատ էի ուզում հիվանդասենյակից հեռանալ աստիճաններով:
Ես փորձեցի հիշել, թե հանուն ինչի՞ կարելի է ապրել:
Հանուն արևի՞:
Արև բոլորն ունեն:
Հանուն գարնա՞ն, հանուն առաջին ձյա՞ն, մայիսյան ամպրոպի՞: Եվ վերապրեցի՝  հիշելով թարթիչներիդ դողն այտերիս: Ես վերապրեցի ու հասկացա արևը, գարունը, առաջին ձյունը, մայիսյան առաջին ամպրոպը:
Նորից հպվիր այտիս:
Ճանապարհ
Ես մեկնում եմ:
Վաղն արդեն կմեկնեմ:
Ուղին կլինի երկար, երկար:
Կգնամ գնացքով:
Գնացքը կունենա հարյուր, գուցե հազար ու բյուր վագոն:
Յուրաքանչյուր վագոն կունենա հարյուր պատուհան, որովհետև ամեն վագոն մի հարյուրակ է:
Կբարձրանամ վերջին վագոնն ու կկանգնեմ վերջին վագոնի պատուհանի մոտ, որպեսզի գոնե մի քիչ մոտ լինեմ քեզ…

Комментариев нет:

Отправить комментарий